ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
14.06.2025
2024 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ կապված հարցերը:
Նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 01-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկել շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 01-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
Փաստորեն, Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թվականի հունվարի 01-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:
Հատկանշական է, որ Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաև այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չի կարող խստացվել և նույնացվել բացառապես տնտեսական նշանակություն ունեցող ոլորտների հետ, հատկապես՝ խաղատների, շահումով խաղերի, գրավատների և վիճակախաղերի:
Քննարկման ժամանակ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:
Բանախոսները հիմնականում ներկայացրել են հետևյալ տեսակետները՝
- Բացակայում է Նախագծով առաջարկվող փոփոխության հիմնավորումը՝ վիճելի դրույթների մասով.
- Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատին՝ ի խախտումն ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի.
- Նախագիծը փաստաբանների նկատմամբ խտրական մոտեցման արդյունք է և պարզ չէ, թե ինչու է ցածր շրջանառություն ունեցող իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների նկատմամբ նախատեսում ծանր հարկային ռեժիմ՝ համեմատ այլ տնտեսվարող սուբյեկտների.
- Նախագծի ընդունման դեպքում փաստաբանական ծառայությունների գները շեշտակիորեն ավելանալու են, քանի որ շրջանառության 5 տոկոս հարկը փոխարինվելու է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահութահարկի 18 տոկոս դրույքաչափերով:
- Նախագիծն ընդունվելու դեպքում փաստաբանները կունենան երկու տարբերակ՝ թանկացնել ծառայությունների գները կամ թաքցնել իրական շրջանառությունը: Բարեխղճության կանխավարկածով ղեկավարվելու դեպքում, փաստաբանները թանկացնելու են ծառայությունների գները.
- Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է քաղաքացիների դատարանի մատչելիության իրավունքին, քանի որ ծառայությունների գների թանկացման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանալու օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից.
- Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը անհամեմատ կավելանա, ինչը պետությանը կծանրաբեռնի լրացուցիչ պարտավորություններով, քանի որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անվճար իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին.
- Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է փաստաբանի անկախությանը, քանի որ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հարկման ռեժիմում հարկային վարչարարությունն ավելի բարդեցված է, քան շրջանառության հարկի հարկման ռեժիմում.
- Նախագիծ մշակողը հաշվի չի առել փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը և առանձնահատկությունները, այդ թվում՝ արդարադատության իրականացման հարցում կարևոր և առանցքային դերակատարումը, փաստաբանական ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունը:
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ՝
- Կազմակերպել քննարկումներ և մասնակցել այլ հանրային միջոցառումներին, որոնք վերաբերում են Նախագծի վիճելի դրույթներին:
- Զանգվածային լրատվության միջոցներով ներկայացնել Նախագծի թերությունները:
- Իրավասու պետական մարմիններին ներկայացնել առարկություններ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ:
- Դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդրանքով:
- Սահմանել, որ վերոհիշյալ գործողությունները կկազմակերպվեն նախաձեռնող խմբի կողմից:
- Հաջորդիվ գործողությունները կնախատեսվեն՝ պայմանավորված Նախագծի հետագա ընթացքով:
______
Տե՛ս ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում